Արթուր Բազեյանը՝ Եվրոպայի Մ22 առաջնության չեմպիոն և լավագույն բռնցքամարտիկ
Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը ոսկե մեդալ է նվաճել Իտալիայի Ռոզետո դելյի Աբրուցի քաղաքում կայացած Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում:
Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սանն անգերազանցելի է եղել 56 կգ քաշային կարգում` տոնելով 4 տպավորիչ հաղթանակ: Եզրափակիչ մենամարտում Բազեյանը (մարզիչներ՝ Արման Հարությունյան, Ռոբերտ Պետրոսյան) մրցել է իռլանդացի Ադամ Բրայան Հեսսիոնի հետ և հաղթել նոկաուտով. երկրորդ ռաունդում հայ մարզիկի ուժգին հարվածներից հետո մրցավարը երկու անգամ դադարեցրել է մենամարտը, և եթե առաջին դեպքում իռլանդացի բռնցքամարտիկը շարունակել է պայքարը, ապա երկրորդ դեպքում մրցավարը դադարեցրել է մենամարտը։ Բացի ոսկե մեդալից՝ Արթուր Բազեյանը նաև ճանաչվել է առաջնության լավագույն բռնցքամարտիկ։
Եվրոպայի Մ22 տարեկանների բռնցքամարտի առաջնությունում մեդալ է նվաճել նաև Համբարձում Հակոբյանը: 81 կգ քաշային կարգում Հակոբյանը դարձել է արծաթե մեդալակիր՝ եզրափակչում զիջելով ռուս Նիկիտա Վորոնյովին:
Եվրոպայի առաջնությանը մասնակցել է շուրջ 301 բռնցքամարտիկ՝ աշխարհամասի 41 երկրից: Բացի վերոնշյալ մարզիկներից՝ առաջնությունում Հայաստանը ներկայացրել են նաև Սեյրան Եղիկյանը (49 կգ), Ռուդոլֆ Գառբոյանը (52 կգ), Ժորժիկ Մարությանը (60 կգ), Բենիկ Նիկողոսյանը (64 կգ), Արմեն Մաշակարյանը (69 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ) և Անժելիկա Ստեփանյանը (57 կգ):