71 մլն դրամ՝ վազքուղու կառուցման համար

71 մլն դրամ՝ վազքուղու կառուցման համար

Հայաստանը կունենա Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի կողմից հավաստագրված վազքուղով մարզադաշտ:

Արտաշատի քաղաքային մարզադաշտի վազքուղիները և աթլետիկական հատվածները սինթետիկ ծածկույթով վերանորոգելու համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով հատկացվել է 71 մլն 860.4 հազար դրամ: Որոշումը կայացվել է գործադիրի այսօրվա նիստում:

Օբյեկտի շինարարական նախագծային արժեքը կազմել է շուրջ 310 մլն դրամ, որից վազքուղիների նորոգման աշխատանքներինը՝ շուրջ 243 մլն դրամ: Վազքուղիները և աթլետիկական հատվածները սինթետիկ ծածկույթով վերանորոգելու համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 71 մլն 860.4 հազար դրամ, իսկ անհրաժեշտ գումարի մյուս մասը տրամադրել են Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան և բարերարները:

Դեռևս 2010 թվականին Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայում քննարկվել է Հայաստանում սինթետիկ ծածկույթով վազքուղի ունեցող աթլետիկայի մարզադաշտ կառուցելու հնարավորությունը, հանրապետության մարզադաշտերում կատարվել է համապատասխան ուսումնասիրություն, որից հետո ներդրումային ծրագիր իրականացնելու որոշում է կայացվել: Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան և Աթլետիկայի միջազգային հիմնադրամը դարձել են տվյալ նախագծի գործընկերները, և ընդհանուր ներդրումը կազմել է 160000 ԱՄՆ դոլար, ինչը, սակայն, չի բավարարել աշխատանքների իրականացման համար: Խնդրի լուծումը տարբեր պատճառներով ձգձգվել է մինչև այս տարի:

Միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղու կառուցումը թույլ կտա Արտաշատի մարզադաշտում անցկացնել ոչ միայն մարզային և հանրապետական, այլև միջազգային մրցումներ: Բացի դրանից՝ ժամանակակից տեխնիկական կառույցների առկայությունը կնպաստի մարզաձևի զարգացմանը և հայ մարզիկների՝ համաշխարհային կարևորագույն մրցումներում բարձր արդյունքներ գրանցելուն:

ՀՀ կառավարության այսօրվա նիստի մեկ այլ որոշմամբ՝ արտադպրոցական դաստիարակության ծրագիր իրականացնող «Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոն» և «Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ներին հատկացվել է 5 մլն 645 հազար դրամ՝ հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով:

wp-apeth