Ծանրաձողերը երկու օրից կլինեն Հայաստանում
Ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի համար նախատեսված ժամանակակից ծանրաձողերը երկու օրից կլինեն Հայաստանում: Այդ մասին կառավարության նիստում նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը:
«Հարգելի գործընկերներ, ծանրաձողերը երկու օրից՝ ամենաուշը մինչև կիրակի օրը, կլինեն ՀՀ-ում, և մեր մարզիկները կսկսեն դրանք գործածել»,- ասաց Դումանյանը:
Միաժամանակ, նա նշեց, որ դա կառավարության նախորդ նիստում ծանրաձողերի վերաբերյալ քննարկման արդյունքն է:
Կառավարության նախորդ նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խնդրի լուծմանն ուղղված նախագծի քննարկման ժամանակ զայրացել էր, որ իր հանձնարարականը ժամանակին չի կատարվել և նշել, որ այլևս նման խնդիր չպետք է առաջանա:
Ծանրամարտի հավաքականի անդամների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր լուծել ժամանակակից ծանրաձողերի խնդիրը: