Սևանում կանցկացվի սիրողական հեծանվավազքի մրցաշար
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին» որոշման նախագծին:
Նախագծի առնչությամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը զեկուցել է, որ 2021թ. սեպտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզում՝ Շորժա-Սևանա լճի թերակղզի 40 կմ երկարությամբ ճանապարհահատվածում, նախատեսվում է կազմակերպել և անցկացնել «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար, որի նպատակն է հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը, ինչպես նաև «Հեծանիվը որպես շրջակա միջավայրը աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարի քարոզումը։ Մրցաշարը նախատեսվում է կազմակերպել 2 տարիքային խմբով` ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Միջոցառման ընդհանուր ծախսը կկազմի մոտ 25.7 մլն դրամ: Մրցաշարի անցկացման հետ կապված կազմակերպչական ծախսերը կազմում են մոտ 10.8 մլն դրամ, որը ներառում է մասնակիցներին սննդով ապահովումը, ճանապարհածախսը, ռադիոհանգույցի վարձակալումը, մարզահագուստը, գավաթների, մեդալների, հավաստագրերի, շնորհակալագրերի ձեռքբերումը և այլ ծախսեր և հատկացվելու է ԿԳՄՍ ընդհանուր հատկացումների հաշվին վերաբաշխում կատարելու արդյունքում: Իսկ 2 տարիքային խմբի 1-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցներին տրամադրվող դրամական մրցանակները՝ ընդհանուր 14.9 մլն դրամ, նախատեսվում է հատկացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից: Ընդհանուր առմամբ կլինի մոտ 80 մրցանակակիր. 1-ին տեղը գրաված մասնակիցը կստանա 1 մլն դրամ, 2-րդը՝ 600 000 դրամ, 3-րդը՝ 400 000 դրամ, 4-րդը՝ 150 000 դրամ, 5-րդը՝ 100 000 դրամ, 6-10-ը՝ 75 000-ական դրամ, իսկ 11-20-րդ տեղերը՝ 50 000-ական դրամ:
ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ մրցութային կարգով կարող են մասնակցել նաև 18 տարեկանից ցածր բոլոր ցանկացողները: Ոչ մրցութային կարգով միջոցառմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել գործընկերներին, դեսպանատներին, միջազգային կառույցներին: Վ. Դումանյանը նաև նշել է, որ կառավարության նիստի այսօրվա չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունված որոշումներից մեկն էլ վերաբերում է վարչապետի հանձնարարականի կատարմանը, որը տրվել էր օլիմպիադայից հետո Հայաստանի հավաքականի մարզիկների հետ հանդիպման ժամանակ. 4 ֆեդերացիայի՝ ըմբշամարտի, ծանրամարտի, բռնցքամարտի և մարմնամարզության հատկացվել է 207 մլն դրամ, որպեսզի նրանք շարունակեն մասնակցությունը տարվա երկրորդ կեսին նախատեսված սպորտային միջոցառումներին:
Նիկոլ Փաշինյանը, կարևորելով հեծանվավազքի մրցաշարի անցկացումը, հիշեցրել է հարցի նախապատմությունը. «Հարգելի գործընկերներ, նախընտրական քարոզարշավի ընթացքում, կարծեմ Արագածավան գնալու ճանապարհին մենք հանդիպեցինք հեծանվորդների խմբի, և այդտեղից գաղափար առաջացավ ամենամյա, ոչ պրոֆեսիոնալ, սա շատ կարևոր է ընդգծել, մրցաշար անցկացնելու, որին կարող են մասնակցել արդեն նշված տարիքային խմբերի բոլոր ցանկացողները, որոնք պրոֆեսիոնալ մարզիկ չեն: Ըստ այդ տրամաբանության՝ մենք ի՞նչ ենք ուզում անել: Ուզում ենք, ինչպես նշված է մեր կառավարության ծրագրում և նաև Հայաստանի մինչև 2050թ. վերափոխման ռազմավարության մեջ, առողջ ապրելակերպը դարձնել համընդհանուր: Դա իրականացնելու համար պետք է կոնկրետ գործողություններ կատարել: Տվյալ դեպքում ընտրվել է երթուղի՝ Շորժայի հատվածից մինչև Սևան: Այստեղ նաև փոքր նրբություն կա. գիտեք, որ այդ ճանապարհը շատ վաղուց չի վերանորոգվել, և հիմա այնտեղ ունենք բարձրակարգ ճանապարհ: Մենք ուզում ենք մի փոքր էլ մեր կառուցած ճանապարհները գովազդել:
Հաջորդը՝ մրցաշարը լինելու է ամենամյա: Իմիջիայլոց, արդեն պարզ է, որ յուրաքանչյուր մասնակից պետք է լինի իր հեծանիվով, սաղավարտով, այնտեղ պայմաններ կան, բժշկական տեղեկանք պետք է ներկայացնեն, որ իրենց թույլատրելի է այդպիսի մրցաշարերի մասնակցել: Սրանք նրբություններ են, որոնք կհրապարակվեն, կպարզաբանվեն: Մենք մտադիր ենք ոչ պրոֆեսիոնալ սպորտի 4 այսպիսի մրցաշար իրականացնել ամեն տարի՝ հեծանվավազք, վազք, սեղանի թենիս և լող: Ընդ որում, այստեղ հիմնական գաղափարն, այսպես ասած, զանգվածային մեկնարկով մրցաշարեր կազմակերպելն է: Լողի հետ կապված նրբություն կա՝ ուզում ենք այն կազմակերպել Սևանա լճում: Այնտեղ անվտանգության հետ կապված որոշակի խնդիրներ կան՝ հույս ունեմ, որ այդ խնդիրները կլուծվեն, և մենք ամեն տարի սեզոնային մրցաշար կունենանք. ձմռանը՝ սեղանի թենիսը, գարնանը՝ ենթադրաբար, վազքը, ամռանը՝ լողը և աշնանը՝ հեծանվավազքը: Սա, կարծում եմ, պիտի որ մեր քաղաքացիների շրջանում հետաքրքրություն առաջացնի:
Ուզում եմ հիշեցնել, որ կառավարության ծրագրում, պարոն Դումանյան, մենք կարևորել ենք նաև միջմարզային տարբեր մրցաշարերի կազմակերպումը: Այս առումով մենք ֆեդերացիաների հետ համագործակցելու շատ լավ դաշտ, հնարավորություն ունենք: Մեր ծրագրային կարևոր դրույթներից է սպորտի մասսայականացումը, և այս ուղղությամբ իհարկե, պետք է առաջ շարժվենք: Այո, օլիմպիական հավաքականի հետ հանդիպման մեր հիմնական պայմանավորվածությունը հետևյալն էր՝ որ մենք այստեղ էլ փորձենք ռազմավարական պլանավորում իրականացնել: Հաջորդ օլիմպիադային պետք է նախապատրաստվել նախորդ օլիմպիադայի ավարտի հենց հաջորդ օրվանից: Պայմանավորվեցինք, որ մեր՝ ընդհանրապես ցանկացած մարզական շրջափուլի կուլմինացիան Օլիմպիական խաղերն են, առավելևս խնդրում եմ հաշվի առնել, որ հաջորդ Օլիմպիական խաղերը տեղի են ունենալու ոչ թե 4, այլ 3 տարի անց: Մենք ֆեդերացիաների հետ պայմանավորվեցինք, որ մեր համագործակցությունը կդնենք այս տրամաբանության մեջ: Իհարկե, այստեղ շատ կոնկրետ անելիքներ ունեն ֆեդերացիաները, Ազգային օլիմպիական կոմիտեն և կառավարությունը, և մենք փոխգործակցված այս ուղղություններով պետք է առաջ գնանք:
Վերադառնալով հեծանվավազքի մրցաշարին՝ ես կարծում եմ, որ մենք պետք է շատ լուրջ աշխատանք տանենք, որ տեղեկությունը բոլոր պոտենցիալ հետաքրքրվող շահառուներին հասնի, որպեսզի մարդկանց համար հասկանալի լինի նաև, թե սա ինչ մրցաշար է, ինչի համար է արվում, ովքեր կարող են մասնակցել, ինչ պայմաններով, և ինչ է ենթադրվում: Մրցաշարը սեպտեմբերի 19-ին է»:
Հայաստանում ոչ պրոֆեսիոնալ սեզոնային մրցաշարերի անցկացման հետ կապված ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել են մյուս սպորտաձևերով մրցումների անցկացմանը, մասնակիցների շրջանակի ընդլայնմանը վերաբերող և այլ հարցեր:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը զեկուցել է, որ վարչապետի հանձնարարությամբ ընթանում է նաև մյուս մրցաշարերի կազմակերպման աշխատանքը. սեզոնային մրցաշարերը նվիրված են լինելու ՀՀ անկախությանը և դրա հետ առնչվող տոներին՝ մայիսի 28-ին, օգոստոսի 23-ին և սեպտեմբերի 21-ին, իսկ ձմեռային մրցաշարը նվիրված կլինի, ամենայն հավանականությամբ, ամանորյա տոներին: Արայիկ Հարությունյանը նաև նշել է, որ Պաշտպանության նախարարության հետ համատեղ մեծ աշխատանք է կատարվում մարզական վաշտի ուղղությամբ:
Անդրադառնալով այս թեմային՝ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ հարցը պարբերաբար բարձրացվել է ՀՀ օլիմպիական հավաքականի և ընդհանրապես մեր հավաքականների հետ շփման ընթացքում: «Հիշում եք, որ Հայաստանում մարզական վաշտը ժամանակին փակվեց: Դա մի քանի տարի առաջ էր, և ճիշտն ասած, ճիշտ արվեց, որ փակվեց: Ինչո՞ւ՝ որովհետև եկել-հասել էր մի կետի, որ ակնհայտորեն չէր ծառայում իր նպատակին: Այսինքն՝ ծառայությունից խուսափելու միջոց էր դարձել: Բայց մենք հիմա ինչո՞ւ ենք վերաբացում. նախ, որովհետև համոզված ենք, որ կկարողանանք ներդնել այնպիսի մեխանիզմ, որ չարաշահումները բացառի, և երկրորդ, այսօր մենք ունենք մեր հավաքականների հետ կապված խնդիրներ, որոնք նաև պատճառահետևանքային կապի մեջ են: Կարծում եմ՝ բանակի, Զինված ուժերի համար շատ կարևոր է ունենալ մարզական սեփական նշանի ներքո, բանակի տանիքի ներքո հանդես եկող թիմեր, մարզիկներ, որոնք նաև բանակի ոգու ձևավորմանը կարող են դրական ազդեցություն ունենալ: Պայմանը հետևյալն է, և մենք դրա շուրջ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ չարաշահման թեկուզ մեկ դեպք պետք է չունենանք, ընդհանրապես պետք է բացառվի: Այդտեղ պետք է լինեն այն մարզիկները, որոնք պրոֆեսիոնալ մարզիկ են, զբաղվում են կոնկրետ գործով և Հայաստանի Հանրապետության մարզական հաջողությունների և սպորտի զարգացման մեջ ունեն և ունենալու են կոնկրետ ներդրում: Սա շատ կարևոր պայման է, որ գործընթացը չվարկաբեկվի և այլ տրամաբանությունների չենթարկվի: Վերին աստիճանի սկզբունքայնությամբ մենք այս պայմանավորվածությունը պետք է պահենք», — ընդգծել է կառավարության ղեկավարը:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, որ Շորժա-Սևանա լճի թերակղզի 40 կմ երկարությամբ ճանապարհահատվածն ամբողջությամբ 2019, 2020, 2021 թվականներին ասֆալտապատվել է, և սեպտեմբերի 19-ին միջոցառման անցկացումը կարևոր է նաև նրանով, որ կնպաստի զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը: Ակնկալվում է, որ հաջորդ տարի ամբողջովին կլուծվի Սևանա լճի շուրջ բարձրորակ ճանապարհ ունենալու խնդիրը, և ըստ այդմ՝ կարելի է դիտարկել մրցաշարի համար նախատեսվող հատվածները հաջորդ տարիների համար փոխելու/երկարացնելու հարցը:
Վարչապետն էլ նկատել է՝ այդ պարագայում կարելի է մտածել պրոֆեսիոնալ հեծանվավազքի մրցաշար կազմակերպելու մասին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հեծանվասպորտի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացումը և խորհուրդ տվել ՀՀ ճանապարհաշինության ոլորտի մասնագետներին՝ հետևել աշխարհում առկա տենդենցներին, մշակել հետաքրքիր լուծումներ, որոնք մեր երկրում ևս կարող են կիրառվել: «Այո, եկեք զարգացնենք գաղափարը և փորձենք պրոֆեսիոնալ, միջազգային մրցաշար կազմակերպել: Գիտեք՝ աշխարհում պրոֆեսիոնալ հեծանվավազքի մրցաշարերը մեծ հեղինակություն ունեն և մեծ ուշադրություն են կենտրոնացնում: Իհարկե, մենք չպետք է դնենք այնպիսի նշաձողեր, որ չկարողանանք հաղթահարել, բայց որ կարող ենք փորձել գաղափարը քայլ քայլ իրագործել՝ ակնհայտ է: Դրա համար պայմանավորվում ենք, որ առաջին քայլը Սևանի շուրջ բարձրորակ ճանապարհ ունենալն է, մնացածն այնտեղ արդեն կա՝ յուրահատուկ գեղեցիկ բնաշխարհը և լավ մարդիկ», — նշել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է ԿԳՄՍ նախարարին՝ առաջարկներ ներկայացնել նաև դպրոցական առաջնությունների կազմակերպման համար, ինչը խթան կլինի դպրոցական մարզական ենթակառուցվածքները վերականգնելու և կարիքները քարտեզագրելու համար: Նիկոլ Փաշինյանն առաջնահերթ ընդգծել է երեխաների շրջանում սպորտով զբաղվելու խրախուսման կարևորությունը՝ նշելով. «Խնդիրը շատ խորն է, ես ուզում եմ միայն այս ամենի գագաթը չտեսնենք: Երբ մենք առնչվում ենք մինչև 18 տարեկանների առողջական վիճակի հետազոտություններին, շատ մտահոգիչ պատկերի ենք ականատես լինում, և ակնհայտ է, որ այդ պատկերն ունի բազմաթիվ շերտեր՝ սկսած սոցիալականից շարունակած վարքականոնայինով: Բայց նաև ակնհայտ է, որ մանավանդ 21-րդ դարում, երբ կա ինտերնետ և շարժում չպահանջող զբաղմունքներ, մեր երեխաներն ընդհանրապես սպորտով, խաղով շատ քիչ են զբաղվում, ինչը կոնկրետ առողջական խնդիրների պատճառ է դառնում, ընդ որում, և՛ սոցիալապես ոչ ապահով, և՛ ապահով ընտանիքներում: 2 դեպքում էլ ֆիզիկական ակտիվության նվազ հատվածը բերում է շատ լուրջ առողջական խնդիրների: Հետևաբար, քանի որ այս ոլորտում երեխաների ինքնակազմակերպման մակարդակը հասկանալի պատճառներով նվազում է, պետությունը, կառավարությունն իր նախաձեռնողականության աստիճանը պետք է մեծացնի: Կոնկրետ խթաններ պետք է դրվեն, այդ թվում՝ նաև ֆինանսական, ամբիցիաներ պետք է ձևակերպվեն՝ թիմային տրամաբանությունը և ֆիզիկական ակտիվությունը խթանելու ուղղությամբ: Դա մեր ծրագրում արձանագրված է, և, ինչպես խոսեցինք, պետք է կոնկրետ արտահայտվի նաև միջոցառումների ծրագրում, ՄԺԾԾ-ում, պետական բյուջեում և այդպես շարունակ:
Սա շատ կարևոր գործընթաց է, և կարևոր է՝ գործընթացը տանել որակյալ, որ պատշաճ որակով իրականացվի, տնայնագործական մոտեցումներից զերծ մնանք: Սկսած գույնից, դիզայնից, տրամադրությունից՝ ամեն ինչ պետք է լինի ամենաբարձր մակարդակով: Դրա համար ենք անվանել Վարչապետի գավաթ, որպեսզի նաև դրա քաղաքական պատասխանատվությունը մեզ վրա լինի, և այդ ուղերձը լինի բոլոր կազմակերպիչներին, որ ամեն ինչ պետք է կազմակերպվի հնարավոր ամենաբարձր մակարդակով: Պարզ է՝ առաջին փորձի մեջ կլինեն որոշ բաներ, որոնք շտկման անհրաժեշտություն կունենան, բայց որոշակի նշաձող պետք է անպայման սահմանվի»:
Վարչապետն անդրադարձել է դեռևս 2018թ. վերջում Կապան կատարած իր այցի շրջանակում ֆուտբոլային դաշտի հետ կապված տրված խոստմանը: «Երկար տարիներ Կապանում ֆուտբոլային խաղեր տեղի չէին ունենում, և բանը հասավ այնտեղ, որ Կապանի մեր սիրելի քաղաքացիներն այդ հարցը բարձրացրեցին, և ես խոստացա այդ խնդիրը լուծել: Իհարկե, մի քիչ երկար տևեց, բայց ուրախ եմ արձանագրել, որ Կապանում օգոստոսին՝ երկար ընդմիջումից հետո, տեղի ունեցավ առաջին ֆուտբոլային հանդիպումը՝ Կապանի Գանձասար թիմի մասնակցությամբ: Սա նույնպես կարևոր է, որովհետև Կապանի քաղաքային կյանքի կազմակերպման համար դա շատ կարևոր նրբություն էր, և ուրախ եմ, որ մենք այդ դեպքում էլ այն, ինչ խոստացել էինք, կարողացանք իրականություն դարձնել: Իհարկե, մեր օրակարգում շատ ավելի կարևոր է մեր գլոբալ խնդիրների լուծումը, բայց նաև այս նրբությունները չպետք է մոռացության մատնվեն գլոբալ խնդիրների լուծման ընթացքում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: