Հայաստանը ևս 4 մեդալ է նվաճել ԱՊՀ երկրների առաջին խաղերում

Հայաստանը ևս 4 մեդալ է նվաճել ԱՊՀ երկրների առաջին խաղերում

Կազանում անցկացվող ԱՊՀ երկրների առաջին խաղերում հայ մարզիկներն արդեն 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել, ևս 2 բրոնզե մեդալ երաշխավորված է մուայթայ մարզաձևում:

Սեպտեմբերի 7-ին ավարտվել է սամբոյի մրցաշարը, որտեղ Հայաստանն ուներ 6 ներկայացուցիչ: Նրանցից 3-ը՝ Դավիթ Հովսեփյանը (58 կգ), Արամ Աղաջանյանը (64 կգ) և Արշավիր Բաղրամյանը (79 կգ) դարձել են բրոնզե մեդալակիր:

Այսօր Հայաստանի  5-րդ արծաթե մեդալն է նվաճել հրաձիգ Հայկ Բաբայանը: Հրացան մրցաձևում նա 623.1 միավորով երկրորդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ, իսկ եզրափակչում 245.3 միավորով արժանացել է արծաթե մեդալի:

Ավելի վաղ բռնցքամարտիկներ Հարություն Խաչատրյանը (52), Հայկ Թադևոսյանը (54 կգ), Դավիթ Սիմոնյանը (80 կգ) նվաճել էին արծաթե մեդալ, իսկ Արշակ Բաբլումյանը (63 կգ)՝ բրոնզե, ևս մեկ արծաթե մեդալ կորեշ մարզաձևում նվաճել էր Գևորգ Մանուկյանը (65 կգ):

Հավելենք, որ այսօրվանից ԱՊՀ երկրների առաջին խաղերում հայ մարզիկների ելույթներին հետևում է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Նա սեպտեմբերի 7-12-ն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է:

wp-apeth