Գյումրեցի Գառնիկ Չոլակյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Գյումրեցի Գառնիկ Չոլակյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում մեկնարկել է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը. Գառնիկ Չոլակյանը դարձել է ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն: Հայաստանը ներկայացնող 19-ամյա ծանրորդը մինչև 20 տարեկանների 55 կգ քաշայինների պայքարում երկամարտի 230 (100+130) արդյունքով նվաճել ոսկե մեդալ՝ գերազանցելով երկու թուրք մրցակիցների:

Չոլակյանը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրել է 95 կգ, երկրորդ մոտեցմամբ պոկել 100 կգ և նվաճել փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժության առաջին մոտեցմամբ հայ ծանրորդը գլխավերևում պահել է 125 կգ ծանրաձողը, երկրորդ մոտեցմամբ հրել 130 կգ և ապահովել երկամարտի ոսկե մեդալը: Գառնիկ Չոլակյանը հրաժարվել է երրորդ մոտեցումից՝ նվաճելով այս վարժության փոքր ոսկե մեդալը:

Գառնիկ Չոլակյանը (անձնական մարզիչ՝ Ալեքսան Կարապետյան) Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի սան է:

Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում Հայաստանից կմասնակցեն նաև մինչև 20 տարեկաններ Գոռ Սահակյանը (67 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը (81 կգ), Գեւորգ Ղահրամանյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ), Միլենա Խաչատրյանը (76 կգ ), Լիանա Գյուրջյանը (81 կգ) և Մարգարիտա Առաքելյանը (87 կգ), մինչև 23 տարեկաններ Նշան Անտոնյանը (73 կգ), Արմեն Գրիգորյանը (73 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ), Արա Աղանյանը (96 կգ), Արսեն Մարտիրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ) և Արփինե Դալալյանը (+87 B կգ):

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիչների հետ մրցավայրում է տղամարդկանց հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը: Մրցավարական կազմում է նաև Արայիկ Ալավերդյանը:

wp-apeth