Դավիթ Չալոյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ

Դավիթ Չալոյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ

Սերբիայում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ արդեն մեկնարկել է 1/8 եզրափակիչը։

Հայաստանի ներկայացուցիչ, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը 1/8 եզրափակչում մենամարտել է կոլումբացի Քրիստիան Սալսեդո Կոդասիի հետ և դժվարին պայքարում հաղթանակ տարել 4։1 հաշվով։ Քառորդ եզրափակչում Չալոյանի մրցակիցը կլինի Ուզբեկստանի ներկայացուցիչ Լազիզբեկ Մուլուջոնովը։ Այս փուլում հաղթանակի հասնելու դեպքում հայ բռնցքամարտիկը կապահովի առնվազն բրոնզե մեդալ: Մուլուջոնովի հետ մենամարտը կկայանա նոյեմբերի 2-ին:

Երեկ ռինգ դուրս եկած մեր մյուս երեք բռնցքամարտիկները պարտություն են կրել և լքել պայքարը։

54 կգ քաշային Վահե Բադալյանը 1/8 եզրափակչում մենամարտել է Ղրղզստանի ներկայացուցիչ Սանժայի Սեյդեկմատովի հետ և մրցավարների միաձայն որոշմամբ պարտություն է կրել 0։5 հաշվով։ Հայ բռնցքամարտիկը երկրորդ ռաունդում նոկդաունի է ենթարկվել, ստացել ճակատի պատռվածք, բայց կարողացել է մենամարտել մինչև վերջ։

Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը 1/8 եզրափակչում մրցել է ֆրանսիացի Սոֆիանե Օումիհեի հետ, բայց երրորդ ռաունդում ձեռքի վնասվածք է ստացել և լքել պայքարը․ ֆրանսիացուն ժամանակից շուտ հաղթանակ է շնորհվել։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 71 կգ քաշային Արման Դարչինյանը 1/8 եզրափակչում մենամարտել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Օբեդ Բարտիեի հետ և պարտվել։ Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցը մրցակցին զիջել է 1:4 հաշվով:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը, Կարեն Աղամալյանի գլխավորությամբ, աշխարհի առաջնության էր մեկնել 11 բռնցքամարտիկով։ Բացի Դավիթ Չալոյանից՝ պայքարը շարունակում են նաև 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը և 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը։

Ի դեպ, Հովհաննես Բաչկովը 1/16 եզրափակչում 3-1 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Մալիկ Հասանովի նկատմամբ։ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը դուրս է եկել աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ, որտեղ այսօր՝ նոյեմբերի 1-ին, կմենամարտի Իտալիայի ներկայացուցիչ Ջիանլուիջի Մալանգայի հետ:

Այսօր 1/8 եզրափակչի իրենց մենամարտերը կանցկացնեն նաև 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը և 57 կգ քաշային Արթուր Բազեյանը։ Հովհաննիսյանը երեկոյան մրցահերթում կմենամարտի ամերիկացի Հիլլ Ռոսկոյի հետ, իսկ մինչ այդ Բազեյանը կմրցի կուբացի Օվսել Գարսիա Կաբալերոյի հետ:

Բռնցքամարտի ԱԱ-ում, բացի Վահե Բադալյանից, Կարեն Տոնականյանից և Արման Դարչինյանից, պայքարից դուրս են մնացել նաև Սեյրան Եղիկյանը (48 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ):

wp-apeth