Ա-Լիգա. հոբելյանական առաջնությանը կմասնակցեն 8 թիմեր

Ա-Լիգա. հոբելյանական առաջնությանը կմասնակցեն 8 թիմեր

Նոյեմբերի 6-ին մեկնարկելու է Հայաստանի բասկետբոլի Vbet A-League-ի հոբելյանական 5-րդ մրցաշրջանը, որը, կազմակերպիչների փոխանցմամբ, խոստանում է մի շարք անակնկալներ։

Լիգայի բոլոր հանդիպումներն անցկացվելու են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հեռարձակվելու են և նկարահանվելու 7 տեսախցիկով:

Vbet A-League-ի նախագահ Արա Պողոսյանը, տնօրեն Վահագն Հարությունյանը, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, Vbet սպորտային համագործակցությունների ծրագրերի ղեկավար Կարեն Ռաֆայելյանը, ինչպես նաև Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը մամուլի ասուլիս են անցկացրել՝ ներկայացնելով գալիք մրցաշրջանում սպասվելիք իրադարձություններն ու նորությունները:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի խոսքով՝ իրենք շատ են կարևորում սպորտը համալիր վերադարձնելու գաղափարը. «Բասկետբոլն այստեղ իր տունն է ստանում, բայց սա չի նշանակում, որ մնացած սպորտաձևերի համար մարզահամերգային համալիրը փակ է, ո՛չ, մենք բաց ենք բոլորի համար։ Ամենօրյա շփում ունենք ԿԳՄՍ նախարարության՝ ի դեմս նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ։ Աշխատում ենք դահլիճները վերազինելու ուղղությամբ, որպեսզի համալիրում հնարավոր լինի միջազգային տարբեր մրցաշարեր ու միջոցառումներ անցկացնել, օրինակ՝ գարնանը նախատեսում ենք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացնել մարզահամերգային համալիրում։ Կառավարության օգնությամբ նախատեսում ենք նաև նոր ծածկ ձեռք բերել դահլիճի համար, ինչը ֆուտզալի, վոլեյբոլի, ձեռքի գնդակի և այլ միջազգային մրցումներ անցկացնելու հնարավորություն կտա։ Մի խոսքով, մարզահամերգային համալիրը գնում է ճիշտ ուղղությամբ ու այսուհետ ոչ միայն մշակութային ու համերգային միջոցառումներ կընդունի, այլև՝ սպորտային»։

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն էլ նշել է, որ մարզահամերգային համալիրի մարզադահլիճը համապատասխանում է միջազգային բոլոր չափորոշիչներին․ «Տարիներ առաջ, երբ մեր հավաքական թիմերն ընդգրկված էին միջազգային առաջնություններում, մենք խնդիրներ ունեցանք ՖԻԲԱ-ի հետ, քանի որ չկարողացանք ապահովել 5000 նստատեղ ունեցող մարզադահլիճ։ Այսօր արդեն՝ ի դեմս Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի, մենք ունենք միջազգային չափանիշներին համապատասխան դահլիճ, որտեղ կարող ենք ոչ միայն ներքին առաջնություններ անցկացնել, այլև ամենաբաձր կարգի միջազգային մրցաշարեր ընդունել»։

Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության հոբելյանական 5-րդ մրցաշրջանին մասնակցելու է 8 թիմ՝ «Արցախ», «Ուրարտու», «Էրեբունի», «Գյումրի», «Արարատ», ՖԻՄԱ, ԲԿՄԱ, Armenian International Academy:

A լիգայի առաջնությանն այս տարի չեն մասնակցի 2020-21 մրցաշրջանի չեմպիոն «Վահագնի Սիթին» և «Մեդ Ֆոքսիսը»։ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը հայտնել է, որ այս թիմերի մասնակցությունն ինքն է արգելափակել․ «Նրանք ունեին առարկություններ, որոնք ընդհանրապես կապ չունեին բասկետբոլի հետ։ Ես ինքս եմ որոշել իրենց մասնակցությունն արգելափակել, քանի որ իրենց նպատակները այլ էին»։

Այդուհանդերձ, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ ինքն առաջարկ է ստացել Հայաստանում ստեղծել Անդրկովկասյան լիգա, որին կմասնակցեն Ա լիգայից դուրս մնացած «Վահագնի Սիթին» և «Մեդ Ֆոքսիսը», ինչպես նաև թիմեր Ռուսաստանից և Վրաստանից։

Vbet A-League-ի տնօրեն Վահագն Հարությունյանն էլ, վերադառնալով Ա լիգային, նշել է՝ այս տարվա կանոնավոր առաջնությունը խոստանում է բացառիկ լինել թեժ մրցակցությամբ և մի շարք անակնկալներով․ «5 տարի առաջ սրա մասին խոսելն ու անգամ երազելը ծիծաղելի կլիներ, բայց այսօր մենք ունենք փաստ՝ 8 ուժեղագույն թիմեր ընդգրկված են Ա լիգայում ու պայքարը շատ թեժ է լինելու»։

«Միավորվենք» սոցիալական արշավը

Ասուլիսի ընթացքում տրվել է նաև բասկետբոլի զարգացմանն ուղղված նոր բարեգործական նախաձեռնության՝ «Միավորվենք» սոցիալական արշավի մեկնարկը։

Այս արշավի շրջանակում բոլոր թիմերը միավորվելու են մեկ գաղափարի շուրջ՝ վերանորոգել ու կահավորել Հայաստանի ևս մեկ բասկետբոլային դահլիճ: Բոլոր խաղերի ընթացքում վաստակած միավորները բազմապատկվելու են 500 դրամով ու հավաքված գումարն ուղղվելու է դահլիճի վերակառուցմանը:

«Նոր սոցիալական ծրագիրը շատ ենք կարևորում ու վստահ ենք՝ զարկ կտանք բասկետբոլի զարգացմանը»,- ասել է Vbet սպորտային համագործակցությունների ծրագրերի ղեկավար Կարեն Ռաֆայելյանը, ով նաև իր ուրախությունն է հայտնել բասկետբոլի Vbet A-League-ի հետ համագործակցությունը շարունակելու կապակցությամբ։

Նոյեմբերի 6-ին կկայանա A-League-ի բացման արարողությունը, իսկ առաջին խաղում միմյանց հետ կմրցեն «Էրեբունին» և ԲԿՄԱ-ն: Խաղը կմեկնարկի 15:00-ին:

wp-apeth