Երևանում ավարտվել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը, որի արդյունքներով Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1 ոսկե, 2 արծաթե և 9 բրոնզե մեդալ է նվաճել՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով 3-րդ տեղը:

Մրցումային վերջին օրը Հայաստանի հավաքականի կազմում միակ ոսկե մեդալը նվաճել է 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը: Եզրափակչում Սիմոնյանը մենամարտել է Իտալիայի ներկայացուցիչ Ջոնաթան Պիսարոյի հետ և 5:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Գոռ Ազիզյանն ու Աղվան Ալեքսանյանը նվաճել են ԵԱ-ի փոխչեմպիոնի տիտղոսը՝ դառնալով արծաթե մեդալակիրներ: 57 կգ քաշային Գոռ Ազիզյանը եզրափակչում մենամարտել է Բուլղարիան ներկայացնող Կոնստանտին Կոստովի հետ և 0:4 հաշվով պարտություն է կրել, իսկ Աղվան Ալեքսանյանը 80 կգ քաշայինների եզրափակիչ մենամարտում ուժերը չափել է Չեռնոգորիայի ներկայացուցիչ Միրկո Սարչևիչի հետ և պարտվել է 1:3 հաշվով:

Երևանի «Միկա» մարզահամալիրում անցկացված առաջնությանը հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Հիշեցնենք՝ տղաների պայքարում երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալներն ավելի վաղ նվաճել էին Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Դավիթ Սաֆարյանը (51 կգ), Էրիկ Առստամյանը (54 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ), Յուրա Բաբլումյանը (67 կգ), Արման Միսկարյանը (71 կգ), Արմեն Պողոսյանը (75 կգ), Իշխան Հովսեփյանը (92 կգ) և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը:

Աղջիկների պայքարում էլ երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալին արժանացել էր 48 կգ քաշային Լուսինե Գևորգյանը:

Երևանում ընթացող առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել է նաև Վրաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Գոռ Այվազյանը. 60 կգ քաշայինների եզրափակչում նա վստահ հաղթանակ է տարել ռուսաստանցի մարզիկի նկատմամբ: Այս քաշային կարգում հաղթողների պարգևատրումն իրականացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը լավագույնս կազմակերպելու և անցկացնելու համար EUBC-ն հուշանվերներ և շնորհակալագրեր է հանձնել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանին:

Ամփոփելով Երևանում կայացած առաջնությունը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնավորապես նշել է.

«Շատ լավ կազմակերպված առաջնություն էր. ֆեդերացիան մեծ ջանք էր գործադրել լավ արդյունք ունենալու համար, Կառավարությունն էլ իր հերթին է աջակցել; Այսպիսի մրցաշարեր շատ պետք է ունենանք, որպեսզի Հայաստանը դիրքավորենք՝ որպես մարզական երկիր»,- ասել է Արայիկ Հարությունյանն ու ընդգծել՝ միջազգային ֆեդերացիաների հետ բանակցությունները շարունակվում են՝ Հայաստանում այլ մրցաշարեր ընդունելու վերաբերյալ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ նշել է՝ երևանյան առաջնությունը կարող է ստանալ գերազանց գնահատական:

«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան՝ ի դեմս նախագահ Հովհաննես Հովսեփյանի, ահռելի աշխատանք է կատարել, որպեսզի ամեն ինչ անցնի ամենաբարձր մակարդակում: Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա պարզապես խոսքեր չկան: Ճիշտ է՝ մեկ հաղթող ունեցանք, մեկ անգամ հնչեց ՀՀ օրհներգը, բայց փոխարենը 13 անգամ բարձրացվեց Հայաստանի դրոշը, իսկ դա ֆանտաստիկ արդյունք է:

Այս հավաքականը շատ մոտ ապագայում աշխարհին կապացուցի, որ հայերն ունեն լավ, տեխնիկապես հարուստ և ինտելեկտուալ բռնցքամարտ»,- նշել է Կարեն Գիլոյանը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը երիտասարդների Եվրոպայի առաջնությանը մասնակցում էր Վազգեն Բադալյանի գլխավորությամբ: