Վեց ամսում՝ 38 մեդալ. շիրակցի մեդալակիր մարզիկները

Վեց ամսում՝ 38 մեդալ. շիրակցի մեդալակիր մարզիկները

Ընթացիկ մարզական տարում Շիրակի մարզը ներկայացնող մարզիկներից տասնյոթն արդեն հասցրել են մեդալներ բերել միջազգային հարթակներից: Անցած կես տարում շիրակցի մարզիկներն աչքի են ընկել ծանրամարտի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ատլետիկայի, հրաձգության ու պաուերլիֆտինգի ամենախոշոր ստուգատեսներում: Նվաճած մեդալների թիվն արդեն գերազանցում է մի քանի տասնյակը:

Մեծահասակների պայքարում ութ մարզաձևերից Հայաստանի հավաքականների կազմերում երկիրը ներկայացրել են 20 մարզիկ: Նրանցից 13-ն ընդհանուր հաշվով նվաճել են 14 մեդալ՝ 5 ոսկի,6 արծաթ, 3 բրոնզ: Եթե հաշվենք նաև ծանրամարտի Եվրոպայի առաջնության առանձին ձևերում նվաճած մեդալները, ապա ընդհանուր ստացվում է 22 մեդալ՝ 6 ոսկի, 11 արծաթ, 5 բրոնզ: 

Շիրակցի մարզիկները մեծահասակների պայքարում

  • Ոսկե մեդալ

Մեկական ոսկի բռնցքամարտի, ծանրամարտի ու հրաձգության Եվրոպայի առաջնություններից, երկու ոսկի՝ պաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնությունից:

Բռնցքամարտի մայրցամաքի գլխավոր ստուգատեսում կրկին հավասարը չունեցավ Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան Հովհաննես Բաչկովը (մարզիչներ՝ Ռուդիկ Մկրտչյան, Կարեն Ղազարյան):

Չի կարելի չառանձնացնել հրաձիգ Գոռ Խաչատրյանի հաղթանակը: Գյումրու հրաձգության մարզադպրոցի սանը ոսկի բերեց Եվրոպայի առաջնությունից (մարզիչ՝ Էդվարդ Ղարիբյան):

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում իր քաշային կարգում հավասարը չունեցավ Գյուրմրու ծանրամարտի մարզադպրոցի սան Ռաֆիկ Հարությունյանը (մարզիչ՝ Գագիկ Գրիգորյան):

Պաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնությունից ոսկիներով վերադարձան Մակար Թամրազյանն (մարզիչ՝  Ստեփան Փանոսյան) ու Արա Խաչատրյանը (մարզիչ՝ Աղվան Մելիքյան):

  • Արծաթե մեդալ

Ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոնի կոչմանն են արժանացել Գյումրու մարզական բարձրագույն  վարպետության դպրոցի սան Արա Աղանյանը (մարզիչ՝  Հովհաննես Շահնազարյան), Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան Սամվել Գասպարյանն (մարզիչ՝ Հարություն Եղոյան) ու Գյումրու համալիր մարզադպրոցի սան Վարազդատ Լալայանը (մարզիչ՝ Կարեն Կարապետյան):

Հրաձգության Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալակիր են դարձել Գյումրու հրաձգության մարզադպրոցը ներկայացնող Արուսյակ Գրիգորյանն ու Հովհաննես Մարգարյանը: Վերջիններիս մարզում է Էդվարդ Ղարիբյանը: Ի դեպ, Արուսյակն երկու արծաթե է վերցրել մեդալակիր դառնալով երկու մրցաձևում:

  • Բրոնզե մեդալ

Ազատ ոճի ըմբիշ ազատանցի Մանվել Խնձրցյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց երրորդ տեղը: Վերջինս ներկայացնում է «Սևան» ՄՀԿ Ազատանի մարզադպրոցը, մարզիչն է Կարապետ Ենգոյանը:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության երրորդ մրցանակակիր է դարձել Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցի սան Գոռ Մինասյանը (մարզիչ՝ Հակոբ Փիլոսյան): 

Փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալակիր է դարձել Գյումրու աթլետիկայի մարզադպրոցի սան Երվանդ Մկրտչյանը (մարզիչ՝ Գրիգոր Բարսեղյան):

Երիտասարդների պայքարում ինը մարզաձևերից Հայաստանի հավաքականների կազմերում երկիրը ներկայացրել են 15 մարզիկ: Նրանցից հինգն ընդհանուր հաշվով նվաճել են 6 մեդալ՝ 5 ոսկի, 1 արծաթ: Եթե հաշվենք նաև ծանրամարտի Եվրոպայի առաջնության առանձին ձևերում նվաճած մեդալները, ապա ընդհանուր ստացվում է 10 մեդալ՝ 8 ոսկի, 1 արծաթ, 1 բրոնզ: 

Շիրակցի մեդալակիրները երիտասարդների պայքարում

  • Ոսկե մեդալ

Հրաձգության Եվրոպայի երիտասարդական առաջնությունում երկու մրցաձևերում հավասարը չի ունեցել Գյումրու հրաձգության մարզադպրոցի սան Գոռ Խաչատրյանը (մարզիչ՝ Էդվարդ Ղարիբյան): 

Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մեկական ոսկի են նվաճել Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սաները՝ Գառնիկ Չոլակյանն ու Գարիկ Կարապետյանը: Վերջիններիս մարզում է Ալեքսան Կարապետյանը:

Ուշուի Եվրոպայի առաջնությունից ոսկե մեդալով է վերադարձել Գյումրու համալիր մարզադպրոցի սան Նարեկ Մինասյանը (մարզիչ՝  Հրայր Կարապետյան):

  • Արծաթե մեդալ

Կարատեի Եվրոպայի առաջնությունում շիրակցի մարզիկներից Եղիշե Ալեքսանյանը արծաթ է նվաճել, նրա մարզիչն է Հարություն Ալեքսանյանը:

Պատանիների պայքարում չորս մարզաձևերից Հայաստանի հավաքականների կազմերում երկիրը ներկայացրել են 9 մարզիկ: Նրանցից վեցն ընդհանուր հաշվով նվաճել են 6 մեդալ՝ 2 արծաթ, 4 բրոնզ:

Շիրակցի մեդալակիրները պատանիների պայքարում

  • Արծաթե մեդալ

Համաշխարհային գիմնազիադայից արծաթե մեդալներով են վերադարձել «Սևան» ՄՀԿ Ազատանի մարզադպրոցի բռնցքամարտիկ Յուրա Բաբլումյանը (մարզիչ՝  Հովհաննես Մկրտչյան), ինչպես նաև «Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ Գյումրու մասնաճյուղի սան, հունահռոմեական ոճի ըմբիշ Գրիշա Ոսկանյանը (մարզիչ՝  Գևորգ Գևորգյան):

  • Բրոնզե մեդալ

Նույն մրցաշարում բրոնզե մեդալակիրներ են դարձել Գյումրու հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզադպրոցի սան Վահե Հովհաննիսյանը (մարզիչ՝  Սարիկ Սարգսյան) և Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան, բռնցքամարտիկ Ոսկան Ոսկանյանը (մարզիչներ՝  Ռուդիկ Մկրտչյան և Կարեն Ղազարյան):

Վահե Հովհաննիսյանը բրոնզե մեդալակիր է դարձել նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Բրոնզ է նվաճել նաև Գյումրու համալիր մարզադպրոցի սան Գևորգ Պապոյանը (մարզիչ՝  Հրայր Կարապետյան): Վերջինս աչքի է ընկել ուշուի Եվրոպայի առաջնությունում:

wp-apeth