Առաջարկ ԱԻ նախարարից. ՃԿՊԱ շրջանավարտները պետք է համալրեն բանակի սպայական կազմը

Առաջարկ ԱԻ նախարարից. ՃԿՊԱ շրջանավարտները պետք է համալրեն բանակի սպայական կազմը

Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա էր այցելել ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը: Նախարարը ՃԿՊԱ ուսանողներին առաջարկ ուներ:

«ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտները պետք է համալրեն ազգային բանակի սպայական կազմը», — վստահ է արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը: Հենց այս վստահությունն է նախարարին թույլ տալիս առաջարկել ՃԿՊԱ բակալավրի կրթական ծրագրի ուսանողներին քառամյա ուսման վերջին մեկ տարին սովորել ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ստանալ սպայի կոչում եւ ասենք 3 կամ 5 տարի պայմանագրային հիմունքներով ծառայել բանակում:

Սա դեռ նախնական առաջարկ է, դեռ պետք է ուսումնասիրվեն ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի եւ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կրթական ծրագրերը, համադրման հնարավորությունները, հստակեցվի ծառայության ժամկետը, նման ծառայություն ընտրած շրջանավարտի սոցիալական երաշխիքները եւ այլն: Այս ամենը ճշտելու, ՃԿՊԱ ուսանողների վերաբերմունքը հասկանալու համար ծրագրի վերաբերյալ հարցաշար կմշակվի եւ ուսանողների մասնակցությամբ հարցախույզ կկազմակերպվի: ԱԻՆ-ում եւ ՃԿՊԱ-ում լավատես են, որ ՃԿՊԱ շրջանավարտներով բանակի սպայակազմը համալրելու ծրագիը հաջողությամբ իրագործվելու է:

ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտների համար այլ կառույցում աշխատելը կամ ծառայելը արտասովոր կամ արտառոց չէ: Այսօր ՃԿՊԱ ավելի քան 90 շրջանավարտ ծառայում է պաշտպանության նախարարության տարբեր ստորաբաժանումներում, 60 շրջանավարտ՝ ոստիկանությունում, 10 շրջանավարտ՝ ազգային անվտանգության ծառայությունում: ՃԿՊԱ հեռակա համակարգում սովորում է պաշտպանության նախարարության եւ ոստիկանության 100 աշխատակից եւ ծառայող:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth