Բացվել է Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցը

Բացվել է Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառի Պապին Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց և ծանոթացել իրականացված վերակառուցման աշխատանքներին: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են եղել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Դպրոցի նոր շենքը կառուցվել է ՏԿԵՆ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» միջոցով իրականացվող «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով»: ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ներդրումը կազմել է 1 մլրդ 380 մլն դրամ։ Դպրոցի հին շենքը կառուցվել է 1967 թ.-ին։ 2016 թվականին իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կառույցը վթարային է և դասապրոցես իրականացնելու համար խիստ վտանգավոր. շենքից քարեր են թափվել, ներսի պատերը ճաքել են: Արդյունքում, որոշվել է դպրոցը հիմնովին վերակառուցել, շինարարությունը մեկնարկել է 2017 թ.-ին, աշխատանքներն ավարտվել են 2020 թվականի վերջին։

Շինարարության մեջ օգտագործվել է շուրջ 580 տոննա երկաթյա ամրան, դպրոցը կառուցված է նորագույն պահանջներին համապատասխան՝ սեյսմակայուն է մինչև 9 բալ երկրաշարժի դեպքում: Շինությունը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար, ունի վերելակ, կահավորված դասասենյակներ, լաբորատորիաներ, մարզադահլիճ, միջոցառումների դահլիճ։

Շինարարության ընթացքում հիմնական հասցեում չգործելու պատճառով դպրոցի աշակերտների թիվը չի նվազել. այս պահին Պապին Ղանդիլյանի անվան դպրոցի աշակերտների թիվը 422 է, իսկ նոր շենքի շահագործումից հետո կարող են ընդունել մինչև 576 աշակերտ։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth