Աշխատում են գերիների և անհետ կորածների գտնվելու վայրը և ճակատագիրը պարզելու ուղղությամբ

Աշխատում են գերիների և անհետ կորածների գտնվելու վայրը և ճակատագիրը պարզելու ուղղությամբ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է նաև գերիների և անհետ կորածների խնդրին: «Մեր այսօրվա ամենահրատապ խնդիրը շարունակում է մնալ գերիների և անհետ կորածների գտնվելու վայրը և ճակատագիրը պարզելը: Ես ուզում եմ ասել, որ կառավարությունն ամենօրյա ռեժիմով աշխատում է այդ ուղղությամբ, ուղղակի այստեղ կան հարցեր, որոնք անհամատեղելի են հրապարակայնության հետ: Այսինքն՝ ինչքան շատ հրապարակային լինի, այնքան ավելի կդժվարանա և վնաս կտա մեր գործին»,-ասել է կառավարության ղեկավարը: :

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կա մեկ գործընթաց, որի մասին խոսելը շատ ցավալի է. «Բայց այնուամենյանիվ հարկ եմ համարում նաև խոսել այդ մասին: Մենք ունենք ԴՆԹ թեստերով մարմինների նույնականացման գործընթաց: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ այդ գործընթացն արագացնելու համար Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել համապատասխան սարքավորման երկրորդ հոսքագիծը, որն արդեն ճանապարհին է: Մենք սպասում ենք, որ առաջիկա օրերին այն կհասնի Հայաստանի Հանրապետություն և կսկսի գործարկվել: Այսինքն՝ ձեռքբերումն արդեն փաստացի տեղի է ունեցել»:

Հիշեցնենք, որ Հին Թաղերի և Խծաբերդի վրա ադրբեջանական հարձակումից հետո երկար ժամանակ հարյուրից ավելի գերիների վերաբերյալ լուրեր էին տարածվում համացանցում։ Միայն դեկտեմբերի 17-ին պաշտոնական տեղեկություններ ստացվեցին, որ անհայտ է մնում Հադրութի երկու գյուղի ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացրած 73 մարդու ճակատագիր:

Ավելի ուշ, Պաշտպանության նախարարը նշել է, որ արվում է հնարավոր ամեն ինչ՝ խնդրի արագ կարգավորման համար: Մասնավորապես, ըստ Վաղարշակ Հարությունյանի, գերեվարված 62 զինծառայողների ցանկն արդեն փոխանցված է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, իսկ նրանց անձնական գործերն ուղարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հարցը գտնվում է նաև Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի ղեկավարության ուշադրության կենտրոնում:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը հաստատել էր, 62 հայ գերեվարվածները գտնվում են Բաքվում:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ը բավարարել է Խծաբերդի 62 զինվորականների վերաբերյալ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմումը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth