ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները հերթական աշխատանքային այցն են կատարել Շիրակի մարզ՝ Հառիճ և Արթիկ համայնքներում մի շարք հուշարձանների տեղազննման, հնագիտական պեղման և այլ խնդիրներ տեղում ուսումնասիրելու նպատակով։

Հառիճ համայնքի վարչական տարածքում գտնվող Հառիճավանք վանական համալիր կատարած այցելության ընթացքում տեղազննությամբ պարզվել է, որ վանական համալիրում անցկացված էլեկտրական լարերը և ապահովիչներն անվտանգ չեն, տարբեր ավանդատներում էլ առկա են վանքապատկան կենցաղային իրեր, ինչի մասին տեղեկացվել է Արթիկի թեմի առաջնորդը. վերջինս խոստացել է վերացնել խախտումները և լուծել էլեկտրականության անվտանգության հարցը։

Արթիկ քաղաքի կենտրոնական հատվածում են գտնվում վաղ միջնադարյան Սուրբ Աստվածածին (4-5-րդ դդ․) և Սուրբ Գևորգ (7-րդ դ․) եկեղեցիները, որոնք կիսավեր վիճակում են։ 2019 թ․ բարերարը ցանկություն էր հայտնել վերականգնելու Սուրբ Աստվածածին եկեղեցին, և նախարարությունը պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում բարերարին էր տրամադրել եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման՝ 2014 թվականին մշակված և լիազոր մարմնի կողմից համաձայնեցված նախագծանախահաշվային փաստաթղթերը և հնագիտական պեղում իրականացնելու թույլտվությունը։ Պեղումներն իրականացվել էին մասնակի։ 2021 թ․ բարերարը պեղման թույլտվություն ստանալու նպատակով կրկին դիմել է ԿԳՄՍ նախարարություն՝ ներկայացնելով եկեղեցու հարավարևելյան քարաթափված պատի ապամոնտաժման սխեմատիկ գծագիրը, որը հոկտեմբերի 19-ին կայացած գիտամեթոդական խորհրդի 9-րդ նիստում քննարկվել և ստացել է դրական եզրակացություն։

Այցի շրջանակում վարչության աշխատակիցները հանդիպել են Արթիկի թեմի առաջնորդի հետ, քննարկել տարածքում գտնվող եկեղեցիների պահպանության և վերականգնման վերաբերյալ մի շարք խնդիրներ։

Համաձայն ուսումնասիրության՝ ամրակայման, նորոգման ու վերականգնման անհրաժեշտություն ունի նաև Սուրբ Գևորգ եկեղեցին. խնդիրը կքննարկվի միջնաժամկետ ծախսային ծրագրում կամ բարերարի առկայության դեպքում։

Աշխատանքային խումբն այցելել է նաև Լմբատավանք։ Լմբատավանքի որմնանկարները վերջին տարիներին սեփական միջոցներով և լիազոր մարմնի թույլտվությամբ ամրակայել և վերականգնել են հայ և իտալացի մասնագետներ Արա Զարյանը և Քրիստին Լամուղեն։ Եկեղեցու վիճակը մասնագետների կողմից գնահատվել է բավարար։