Ա Լիգա. «Գյումրին» սկսեց հաղթանակով, պարտվեց երկրորդ խաղում
Նոյեմբերի 6-ին մեկնարկել է բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության 5-րդ հոբելյանական մրցաշրջանը։ Արդեն կայացել են մրցաշարի առաջին հանդիպումները։
VBET Ա լիգայի 2021/22 թթ. մրցաշրջանի մեկնարկային տուրի առաջին խաղում ԲԿՄԱ-ն հյուրընկալվելիս մրցել է «Էրեբունիի» դեմ և 95:74 հաշվով հաղթանակի հասել։
Մեկնարկային տուրի երկրորդ խաղում «Գյումրին» 118:84 հաշվով առավելության է հասել ՖԻՄԱ-ի նկատմամբ, իսկ «Ուրարտուն» 101-89 հաշվով հաղթել է «ԱԻԱ Սթարս» ակումբին։
Նոյեմբերի 9-ին կայացած խաղում «Արարատը», անցկացնելով իր առաջին հանդիպումը, 115-98 հաշվով առավելության է հասել ՖԻՄԱ-ի հետ մրցավեճում:
Առաջին խաղում կրած պարտությունից հետո «ԱԻԱ Սթարսը» երկրորդ խաղում 101-57 հաշվով հաղթել է ԲԿՄԱ-ին։
VBET Ա լիգայի 2021/2022 մրցաշրջանի հերթական խաղում նոյեմբերի 10-ին միմյանց հետ մրցել են «Ուրարտուն» և «Գյումրին»: «Ուրարտուն» տոնել է իր երկրորդ անընդմեջ հաղթանակը՝ 79-77 հաշվով հաղթելով «Գյումրի» թիմին:
Այս պահին «Ուրարտուն» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ վաստակած 4 միավորով։ «Գյումրին», «ԱԻԱ Սթարսն» ու ՖԻՄԱ-ն 3-ական միավորով զբաղեցնում են աղյուսակի 2-4-րդ հորիզոնականները։ Առաջնությունում դեռևս հանդիպում չի անցկացրել «Արցախը»։
Այսօր՝ նոյեմբերի 11-ին՝ ժամը 19։00-ին, կկայանա «Էրեբունի» — «ԱԻԱ Սթարս» հանդիպումը:
Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության ընթացիկ մրցաշրջանի բոլոր հանդիպումներն անցկացվում են Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մրցաշարի բացման խաղին ներկա է գտնվել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։